ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ երեկ օրվա ընթացքում շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հատկապես հարավում։ Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանական կողմը 440- 450 զինծառայողի և ահաբեկչի կորուստ է ունեցել, 800- 900-ն էլ վիրավոր ունի։ Ադրբեջանը նաև սպառազինության զգալի կորուստներ է ունեցել. «Մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է նաև մարտի մեջ չմտած` ելքի ընթացքում կամ այլ պրոցեսի ընթացքում գտնվող շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով: Սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք: Այսօր հնարավոր է եղել խոցել 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ ԱԹՍ-ների խոցումը կազմում է 113 միավոր, հակառակորդի ԱԹՍ-ների մասին է խոսքը: Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը արդեն կազմում է 250 միավոր, միայն այսօր խոցվել է 3 Սմերչ կայան, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»:
Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն անդրադարձավ նաև Մատաղիսի հատվածում դիրքային հաջողություն ունենալու վերաբերյալ Ադրբեջանից շրջանառվող լուրերին. «Մարտավարական բնագծեր չեմ կարող ներկայացնել: Ես ասում եմ, որ իրավիճակը բավական ծանր էր հյուսիսում, բավական ծանր էր հարավում, կոնկրետ ով որ պահին որ կողմը, որ դիրքի վրա է գտնվում, ես չեմ կարծում, թե դա այդքան կարևոր իրողություն է»:
Հովհանննիսյանը մեկնաբանեց այն տեղեկությունները, որոնց համաձայն հայկական դիվերսիոն խումբը պայթեցրել է Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության LORA հրթիռային համակարգ, որով թիրախավորվում էր քաղաքացիական բնակչությունը. - «Լավ կմեկնաբանեմ, ժամանակին հերոսությունների մասին կպատմենք»:
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը. երեկ ուշ երեկոյան, այսօր առավոտյան կրկին հրետակոծվել է Ստեփանակերտը։ Թե ինչ վնաս է կրել քաղաքը, դեռ պաշտոնապես չի հայտարարվում։ Միայն ասվում է՝ երեկվա հրետակոծությունը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։